2 Samuel 6
1 Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիր մարդկանց՝ երեսուն հազար հոգի։
2 Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։
3 Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։
4 Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։
5 Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։
6 Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։
7 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։
8 Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա ։
9 Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։
10 Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։
11 Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։
12 Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբ տարավ Դավթի քաղաքը։
13 Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։
14 Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։
15 Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։
16 Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։
17 Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։
18 Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։
19 Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։
20 Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկ մարդկանցից մեկը»։
21 Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։
22 Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։
23 Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։