2 Samuel 4
1 Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։
2 Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։
3 Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։
4 Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։
5 Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։
6 Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։
7 Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։
8 Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։
9 Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։
10 Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։
11 Որչափ ավելի այն չար մարդկանց պիտի տրվի նույն վարձը, որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։
12 Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։