Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 24

:
Armenian - 2018
1 Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա, և Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա Իսրայելի ու Հուդայի մարդահամա՛ր արա»։
2 Եվ թագավորը զորքի գլխավոր Հովաբին, որ իր հետ էր, ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, և հաշվե՛ք ժողովրդին, որ ժողովրդի թիվը գիտենամ»։
3 Եվ Հովաբն ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը ժողովրդին, ինչքան կա, այսքան և այսքան հարյուրապատիկ էլ ավելացնի, և իմ տեր թագավորի աչքերը տեսնեն, բայց ինչո՞ւ է իմ տեր թագավորը փափագում այդ բանը»։
4 Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։
5 Նրանք անցան Հորդանանը և բանակատեղի դրին Արոեր քաղաքի աջ կողմը, որը գտնվում է Գադ ձորում՝ դեպի Հազեր։
6 Եկան Գաղաադ և Թահթիմադասեի երկիրը, հետո եկան Դանաեաան և Սիդոնի շրջակայքը։
7 Հետո եկան Տյուրոսի ամրոցը և անցան խևացիների ու քանանացիների բոլոր քաղաքները. հետո դուրս ելան դեպի Հուդայի հարավ՝ Բերսաբեե։
8 Շրջեցին ամբողջ երկիրը և ինն ամիս քսան օր անց եկան Երուսաղեմ։
9 Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։
10 Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։
11 Երբ Դավիթը առավոտյան վեր էր կացել, Տերը խոսեց Գադ մարգարեի՝ Դավթի տեսանողի հետ՝ ասելով.
12 «Գնա՛ և ասա՛ Դավթին. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առաջ. ընտրի՛ր նրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։
13 Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան և նրան ասաց. «Արդյոք ո՞րը կուզես՝ յոթ տարի սո՞վ լինի քո երկրի մեջ, թե՞ երեք ամիս դու փախչես քո թշնամիներից, և նրանք քեզ հալածե՞ն, կամ թե երեք օր ժանտա՞խտ լինի քո երկրում։ Հիմա մտածի՛ր և որոշի՛ր, թե ես ի՛նչ խոսք տանեմ ինձ ուղարկողին»։
14 Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։
15 Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։
16 Հրեշտակն իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, բայց Տերը հրաժարվեց այդ չարիքից և ժողովրդին ոչնչացնող հրեշտակին ասաց. «Բավական է. հիմա ձեռքդ ե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։
17 Երբ Դավիթը տեսավ, որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, ասաց Տիրոջը. «Ահա ես եմ մեղանչել, ես եմ հանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. աղաչում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա լինի»։
18 Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։
19 Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։
20 Ոռնան նայեց ու տեսավ թագավորին և նրա ծառաներին, որոնք գալիս էին իր մոտ, և Ոռնան դուրս ելավ ու երկրպագեց թագավորին՝ երեսնիվայր խոնարհվելով մինչև գետին։
21 Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։
22 Ոռնան ասաց Դավթին. «Թող թագավորը վերցնի, ինչ հաճելի է իր աչքին, և զոհ մատուցի. ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերի ու եզների լծասարքը՝ փայտի համար»։
23 Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։
24 Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։
25 Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։