Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 23

:
Armenian - 2018
1 Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը.
2 «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով, Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։
3 Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։
4 Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։
5 Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ, Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ, Պահված և հաստատված ամեն բանի մեջ։ Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է, Բայց նա չպիտի ծաղկեցնի։
6 Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են, Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։
7 Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
8 Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։
9 Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին,
10 նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին. և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը, և զորքը նրա հետևից գնաց, բայց միայն դիակներին կողոպտելու համար։
11 Նրանից հետո Սամման էր՝ արարացի Ագեի որդին։ Երբ փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից,
12 այդ ժամանակ նա կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն և հարվածեց փղշտացիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։
13 Այս երեսուն զորավարներից երեքը հնձի ժամանակ գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, երբ փղշտացիների մի գունդ բանակատեղի էր դրել Ռափայինների հովտում։
14 Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։
15 Դավիթը փափագեց ջուր խմել և ասաց. «Ո՞վ ինձ համար Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։
16 Եվ այդ երեք քաջ մարդիկ ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից, բերին և տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն և Տիրոջ համար հեղեց ցած.
17 և ասաց. «Քա՛վ լիցի ինձ, Տե՛ր, որ ես այդ բանն անեմ. մի՞թե ես պիտի խմեմ այն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին»։ Եվ նա չկամեցավ խմել այն։ Այս բանն արին այդ երեք քաջ մարդիկ։
18 Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։
19 Թեև այդ երեքից ավելի պատվավոր էր և նրանց գլխավորն էր, բայց նա չէր հասնում այն առաջին երեքին։
20 Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց ։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։
21 Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։
22 Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։
23 Երեսունի մեջ նա ավելի բարձր պատիվ ուներ, բայց չէր հասնում այն առաջին երեքին, և Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների գլխավորը։
24 Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին,
25 հարոդացի Սամման, հարոդացի Եղիկան,
26 փելլատացի Քեղղեսը, թեկուացի Իրասը՝ Եկգեսի որդին,
27 անաթովթացի Աբիեզերը, ովսացի Մեբունան,
28 աքուքացի Սելմոնը, նետոփաթացի Մաարան,
29 Ալաբը՝ նետոփաթացի Բաանայի որդին, Բենիամինի որդիներից Ռիփայի որդի Եթթին՝ Գաբայից,
30 փարաթոնացի Բանեան, Գաասի ձորից՝ Ադդային,
31 արաբաթացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը,
32 Սաղաբինացի Եղիաբան, Հասենի որդիներից՝ Հովնաթանը,
33 հարարացի Սամման, արարացի Սարարի որդի Աքիամը,
34 Մաաքաթիի որդի Ահասբայի որդին՝ Եղիփաղետը, գեղոնացի Աքիտոփելի որդին՝ Եղիամը,
35 կարմելացի Ասարեն, արբացի Փաարան,
36 սուբացի Նաթանի որդին՝ Իգալը, գադացի Բանին,
37 ամմոնացի Սելեկը, բերովթացի Նաարան՝ Շարուհեայի որդու՝ Հովաբի կապարճակիրը,
38 հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,
39 քետացի Ուրիան. ընդամենը՝ երեսունյոթ հոգի։