Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 2

:
Armenian - 2018
1 Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց. «Քեբրոն»։
2 Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։
3 Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։
4 Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։
5 Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։
6 Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։
7 Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։
8 Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին, նրան տարավ Մանայիմ,
9 նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։
10 Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։
11 Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։
12 Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։
13 Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։
14 Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։
15 Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։
16 Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ, որը գտնվում է Գաբավոնում։
17 Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։
18 Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։
19 Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։
20 Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։
21 Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։
22 Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։
23 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։
24 Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։
25 Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։
26 Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։
27 Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։
28 Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։
29 Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանան գետը և ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։
30 Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը,
31 իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։
32 Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։