2 Samuel 18
1 Եվ Դավիթը իր հետ եղած ժողովրդին զորահանդես արեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ դրեց։
2 Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։
3 Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։
4 Թագավորն ասաց նրանց. «Ինչ հաճելի է ձեզ, ես կանեմ»։ Եվ թագավորը մնաց քաղաքի դռան մոտ, իսկ ամբողջ զորքը՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, դուրս ելավ։
5 Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։
6 Զորքը դուրս եկավ դաշտ՝ Իսրայելին դիմավորելու, և պատերազմ եղավ Եփրեմի անտառում։
7 Այնտեղ Իսրայելի զորքը ջախջախվեց Դավթի զինվորներից, և այդ օրը մեծ կոտորած եղավ այնտեղ. քսան հազար մարդ սպանվեց։
8 Պատերազմն այնտեղից տարածվեց ամբողջ երկրի վրա, և այդ օրը անտառը զորքից ավելի շատ մարդ ոչնչացրեց, քան կոտորեց սուրը։
9 Աբիսողոմը դեմ դիմաց հանդիպեց Դավթի ծառաներին. Աբիսողոմը ջորի էր հեծնել, և ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, և իր տակի ջորին էլ գնաց։
10 Մի մարդ, որ տեսել էր, ասաց Հովաբին. «Ահա ես տեսա Աբիսողոմին՝ կաղնուց կախված»։
11 Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։
12 Իսկ այդ մարդն ասաց Հովաբին. «Եթե իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռվեր, ես իմ ձեռքը չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև մենք լսեցինք, որ թագավորը պատվիրեց քեզ, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. “Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն”։
13 Եթե ես դավաճան լինեի իմ անձի դեմ, ապա թագավորից ոչ մի բան ծածուկ չէր մնալու, և այն ժամանակ դու դեմ կկանգնեիր»։
14 Հովաբն ասաց. «Ես այսպես չեմ սպասելու քո առաջ», և իր ձեռքը վերցրեց երեք գեղարդ և կոխեց Աբիսողոմի սիրտը. մինչ այդ նա դեռ կենդանի էր կաղնու ոստերի մեջ։
15 Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։
16 Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։
17 Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։
18 Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։
19 Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։
20 Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։
21 Հովաբն ասաց Քուսիին. «Գնա պատմի՛ր թագավորին, ինչ որ տեսար»։ Եվ Քուսին երկրպագեց Հովաբին ու վազեց։
22 Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։
23 Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։
24 Դավիթը նստել էր երկու դռների միջև, և դետը բարձրացավ դռան տանիքը՝ դեպի պարիսպը, աչքերը բարձրացրեց և տեսավ, որ ահա մի մարդ է մենակ վազում։
25 Դետը ձայն տվեց և հայտնեց թագավորին։ Թագավորն ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն ավետիք կա նրա բերանում»։ Իսկ նա ավելի ու ավելի էր մոտենում։
26 Դետը մի ուրիշ մարդ էլ տեսավ վազելիս և դետը ձայն տվեց դռնապանին. «Ահա մի մարդ էլ է վազում մենակ»։ Եվ թագավորն ասաց. «Նա էլ է ավետաբեր»։
27 Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։
28 Աքիմաասը ձայն տվեց և ասաց թագավորին. «Խաղաղությո՜ւն», և երեսի վրա մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց թագավորին ու ասաց. «Օրհնյա՜լ է քո Տեր Աստվածը, որ կործանեց իմ տեր թագավորի վրա իրենց ձեռքը բարձրացնող մարդկանց»։
29 Եվ թագավորն ասաց. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Աքիմաասն ասաց. «Ես տեսա միայն այն մեծ բազմությունը, երբ Հովաբն ուղարկեց թագավորի ծառային և ինձ՝ քո ծառային, բայց թե ի՞նչ էր, չիմացա»։
30 Եվ թագավորն ասաց. «Դարձի՛ր, այսպե՛ս կանգնիր»։ Եվ նա դարձավ ու կանգնեց։
31 Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։
32 Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։
33 Եվ խռովվեց թագավորն ու գնաց վերև՝ դռան վերնատունը, գնում ու լաց էր լինում և այսպես ասում. «Որդի՛ս, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛ Աբիսողոմ, երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, օ՜, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛»։