2 Samuel 17
1 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։
2 Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։
3 Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։
4 Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։
5 Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։
6 Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։
7 Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։
8 Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։
9 Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։
10 Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։
11 Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։
12 Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։
13 Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։
14 Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։
15 Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։
16 Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “ Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։
17 Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։
18 Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։
19 Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։
20 Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։
21 Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։
22 Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։
23 Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
24 Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։
25 Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։
26 Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։
27 Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,
28 անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,
29 մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։