Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Samuel 16

:
Armenian - 2018
1 Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։
2 Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։
3 Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։
4 Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։
5 Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր,
6 քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։
7 Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։
8 Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։
9 Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։
10 Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասի նրան. “Ինչո՞ւ ես այդպես անում”»։
11 Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։
12 Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։
13 Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։
14 Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։
15 Մինչ այդ Աբիսողոմն ու ամբողջ ժողովուրդը, բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ. նրանց հետ էր Աքիտոփելը։
16 Եվ երբ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը, եկավ Աբիսողոմի մոտ, Քուսին ասաց Աբիսողոմին. «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»։
17 Աբիսողոմն ասաց Քուսիին. «Դա՞ է բարեկամիդ նկատմամբ ունեցած ազնվությունդ. ինչո՞ւ չես գնացել բարեկամիդ հետ»։
18 Քուսին ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ հավանի Տերը, և այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր մարդիկ, ես կլինեմ նրանը և կմնամ նրա հետ։
19 Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։
20 Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։
21 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Մտի՛ր քո հոր հարճերի մոտ, որոնց նա թողել է տունը պահելու, և ամբողջ Իսրայելը կլսի, որ դու ատելի ես հորդ համար, և բոլոր քեզ հետ եկողների ձեռքերը կուժեղանան»։
22 Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։
23 Աքիտոփելի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծու խոսքը հարցներ։ Այդպիսին էր Աքիտոփելի խորհուրդը թե՛ Դավթի և թե՛ Աբիսողոմի համար։