Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Samuel 15

:
Armenian - 2018
1 Դրանից հետո Աբիսողոմն իր համար կառքեր ու ձիեր և իր առջևից վազող հիսուն սուրհանդակներ պատրաստեց։
2 Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է»,
3 Աբիսողոմը նրան ասում էր. «Տե՛ս, քո պահանջները բարի և արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի»։
4 Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։
5 Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։
6 Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։
7 Քառասուն տարի անցնելուց հետո Աբիսողոմն ասաց թագավորին. «Թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը,
8 քանզի ես՝ քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը”»։
9 Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։
10 Բայց Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ՝ ասելով. «Երբ փողի ձայն լսեք, ասացե՛ք. “Աբիսողոմը թագավոր դարձավ Քեբրոնում”»։
11 Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։
12 Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական գեղոնացի Աքիտոփելի մոտ և նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր, և ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։
13 Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։
14 Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։
15 Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։
16 Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։
17 Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում ։
18 Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։
19 Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։
20 Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։
21 Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։
22 Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։
23 Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։
24 Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։
25 Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։
26 Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։
27 Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։
28 Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։
29 Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։
30 Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։
31 Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։
32 Եվ երբ Դավիթը հասավ բլրի գլուխը, որտեղ նա երկրպագեց Աստծուն, ահա նրան դիմավորեց արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառոտած և հող ցանած գլխին։
33 Եվ Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, բեռ կլինես ինձ վրա,
34 բայց եթե ետ դառնաս քաղաք և Աբիսողոմին ասես. “Ո՛վ թագավոր, թող ես քեզ ծառա դառնամ, ինչպես ես առաջ քո հոր ծառան էի, հիմա էլ քո ծառան եմ”, այդ դեպքում դու ինձ համար կցրես Աքիտոփելի խորհուրդը։
35 Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։
36 Ահա այնտեղ նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով էլ ինձ տեղեկացրե՛ք ամեն բան, ինչ լսեք»։
37 Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, մինչ Աբիսողոմը մտնում էր Երուսաղեմ։