Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 13

:
Armenian - 2018
1 Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։
2 Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։
3 Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։
4 Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։
5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։
6 Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։
7 Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։
8 Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։
9 Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։
10 Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։
11 Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։
12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։
13 Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։
14 Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։
15 Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որով առաջ սիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։
16 Եվ Թամարն ասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։
17 Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։
18 Թամարի վրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։
19 Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։
20 Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։
21 Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։
22 Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։
23 Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։
24 Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։
25 Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։
26 Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։
27 Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթը նրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։
28 Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։
29 Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։
30 Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։
31 Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էին շուրջը՝ հանդերձները պատառոտած։
32 Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։
33 Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։
34 Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։
35 Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։
36 Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։
37 Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։
38 Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։
39 Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։