2 Corinthians 4
1 Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում,
2 մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։
3 Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված,
4 որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է։
5 Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։
6 Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
7 Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։
8 Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք,
9 հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։
10 Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։
11 Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։
12 Այնպես որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը՝ ձեր մեջ։
13 Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է. «Հավատացի ու դրա համար խոսեցի», մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝
14 գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։
15 Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։
16 Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։
17 Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար,
18 քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։