2 Corinthians 13
1 Այս երրորդ անգամ է, որ ձեզ մոտ եմ գալիս. «Երկու-երեք վկաների բերանով ամեն ինչ կհաստատվի» ։
2 Առաջ ասել եմ և հիմա էլ նախապես ասում եմ որպես երկրորդ անգամ ձեզ մոտ եղող. հիմա հեռվից գրում եմ նախկինում այն մեղանչածներին և բոլոր մյուսներին, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու։
3 Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսն է ինձանով խոսում, ապա կտեսնեք, որ նա տկար չէ ձեզ համար, այլ զորավոր է ձեր մեջ։
4 Թեպետ նա որպես տկար խաչվեց, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ թեև տկարանում ենք նրա համար, բայց նրա հետ կենդանի կլինենք ձեր մեջ Աստծու զորությամբ։
5 Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։
6 Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։
7 Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք։ Ոչ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, թող որ մենք ձախողված լինենք։
8 Որովհետև մենք անզոր ենք ճշմարտության դեմ, զորությունը միայն ճշմարտության համար ունենք։
9 Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։
10 Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։
11 Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։
12 Սուրբ համբույրով միմյանց ողջո՛ւյն տվեք։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը։
13 Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։