2 Corinthians 11
1 Եթե կարողանայիք իմ անմտությունը մի քիչ հանդուրժել. բայց անշուշտ հանդուրժում եք։
2 Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։
3 Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։
4 Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։
5 Կարծում եմ, որ մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։
6 Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։
7 Մի՞թե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։
8 Ուրիշ եկեղեցիների կողոպտեցի և ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։
9 Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։
10 Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։
11 Ինչո՞ւ, որովհետև ձեզ չե՞մ սիրում։ Աստված գիտի դա։
12 Այն, ինչ անում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին պատճառ չտամ պարծենալու, թե իրենք էլ են մեզ նման։
13 Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։
14 Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։
15 Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։
16 Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։
17 Ինչ որ խոսում եմ, ոչ թե ըստ Տիրոջ կամքի եմ խոսում, այլ որպես անմիտ, որ պարծենալու նյութ ունի։
18 Եվ քանի որ շատերն ըստ մարդկային մղումների են պարծենում, ես էլ պիտի պարծենամ։
19 Իմաստուն լինելով՝ հոժարությամբ համբերում եք անմիտներին։
20 Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։
21 Ամաչում եմ ասել՝ որպես թե մենք տկար ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկը համարձակվում է պարծենալ ինչ-որ բանում, ես էլ եմ համարձակվում։
22 Եբրայեցի՞ են, ես էլ, իսրայելացի՞ են, ես էլ, Աբրահամի սերո՞ւնդն են, ես էլ։
23 Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։
24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։
25 Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։
26 Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։
27 Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։
28 Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։
29 Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։
30 Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։
31 Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում.
32 Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։
33 Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։