2 Chronicles 9
1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։
2 Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։
3 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը,
4 նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։
5 Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։
6 Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։
7 Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։
8 Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։
9 Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։
10 Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։
11 Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։
12 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։
13 Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր,
14 բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։
15 Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։
16 Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։
17 Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։
18 Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։
19 Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։
20 Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։
21 Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։
22 Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։
23 Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։
24 Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։
25 Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։
26 Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։
27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի մոլաթզենու չափ շատացրեց։
28 Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։
29 Սողոմոնի առաջին և վերջին գործերի մնացած մասը գրի է առնված Նաթան մարգարեի պատմության մեջ, սիլոնացի Աքիայի մարգարեության մեջ և Նաբատի որդի Հերոբովամի մասին Ադդով տեսանողի գրած տեսիլքների մեջ։
30 Սողոմոնը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա։
31 Ապա Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ռոբովամը։