2 Chronicles 8
1 Սողոմոնը քսան տարվա ընթացքում կառուցեց Տիրոջ տունն ու իր տունը.
2 Սողոմոնը վերակառուցեց նաև այն քաղաքները, որ Քիրամն իրեն էր տվել էր, և այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։
3 Սողոմոնը գնաց Սուբայի Եմաթ և գրավեց այն։
4 Նա անապատում կառուցեց Թադմորը և Եմաթում՝ բոլոր շտեմարանների քաղաքները։
5 Նա կառուցեց նաև Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով և նիգերով ամրացված քաղաքները,
6 Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։
7 Այն բոլոր ժողովուրդներին, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից, հեբուսացիներից, որոնք իսրայելացի չէին,
8 այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։
9 Բայց նրանք, որոնք Իսրայելի որդիներից էին, Սողոմոնը նրանց ստրուկներ չդարձրեց իր աշխատանքների համար, որովհետև նրանք պատերազմող մարդիկ էին և իր զորավարների իշխանները, իր մարտակառքերի և իր հեծյալների իշխաններն էին։
10 Սրանք Սողոմոնի գլխավոր իշխաններն էին՝ երկու հարյուր հիսուն հոգի, որոնք իշխում էին ժողովրդի վրա։
11 Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։
12 Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա,
13 որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։
14 Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։
15 Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։
16 Այսպես իրագործվեց Սողոմոնի ամբողջ գործը՝ Տիրոջ տան հիմը դնելու օրվանից մինչև նրա ավարտը. Տիրոջ տան կառուցումն ավարտվեց։
17 Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։
18 Քիրամը նրա համար իր ծառաների միջոցով նավեր և ծովագետ ծառաներ ուղարկեց։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Օփիր և այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի առան ու բերեցին Սողոմոն թագավորի համար։