2 Chronicles 31
1 Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։
2 Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։
3 Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։
4 Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։
5 Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։
6 Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։
7 Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։
8 Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։
9 Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին,
10 և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։
11 Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։
12 Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։
13 Հեքիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Եղիելը, Հեսմաքիան, Մաաթը և Բանեան վերակացուներ էին Քոնոնիայի և նրա եղբայր Սեմեիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագավորի և Աստծու տան վերակացու Ազարիայի հրամանով։
14 Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաների էր նշանակված, որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։
15 Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբ գործողներ, որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։
16 Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները, այսինքն՝ այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։
17 Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։
18 Նաև ազգահամարում գրված նրանց բոլոր ընտանիքների կանանց, տղաներին, աղջիկներին՝ ամբողջ բազմությանը, որովհետև սրանք հավատարմությամբ նվիրվեցին սուրբ ծառայությանը։
19 Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։
20 Ահա այսպես արեց Եզեկիան ամբողջ Հուդայում և արեց այն, ինչ բարի, ուղիղ և ճշմարիտ է իր Տեր Աստծու առաջ։
21 Իր այն բոլոր գործերը, որոնց նա ձեռնամուխ եղավ, և որոնք վերաբերում էին թե՛ Աստծու տան ծառայությանը և թե՛ օրենքին ու պատվիրաններին, նա կատարեց իր ամբողջ սրտով Աստծուն պաշտելով և հաջողություն ունեցավ։