Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 29

:
Armenian - 2018
1 Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։
2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։
3 Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։
4 Բերեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց արևելյան հրապարակում։
5 Եվ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ ղևտացիներ, սրբագործվե՛ք հիմա, սրբագործե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու տունը և սրբարանից դո՛ւրս հանեք պղծությունը,
6 որովհետև մեր հայրերը անհավատարիմ եղան և չարիք գործեցին մեր Տեր Աստծու առջև, լքեցին նրան, իրենց երեսը շուռ տվեցին Տիրոջ խորանից և արհամարհեցին այն։
7 Սրահի դռները փակեցին, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն։
8 Տերը բարկացավ Հուդայի և Երուսաղեմի վրա և նրանց մատնեց խռովության, ավերման ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։
9 Դրա համար մեր հայրերն ընկան սրով, և մեր տղաները, մեր աղջիկներն ու կանայք գերության մեջ են։
10 Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։
11 Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։
12 Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,
13 Եղիսափանի որդիներից Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից Զաքարիան և Մաթանիան,
14 Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։
15 Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։
16 Քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը, որ մաքրեն այն, և դուրս հանեցին այն ամբողջ աղտեղությունը, որ գտան Տիրոջ տաճարում, ու բերեցին Տիրոջ տան գավիթը. ղևտացիները վերցրին դրանք, որ տանեն դուրս՝ Կեդրոնի հեղեղատը։
17 Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրին ամբողջ աշխատանքը։
18 Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։
19 Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։
20 Եզեկիա թագավորը առավոտ կանուխ վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին և գնաց Տիրոջ տունը։
21 Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։
22 Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։
23 Իսկ մեղքի զոհի նոխազները բերեցին թագավորի և հավաքված ժողովրդի առջև, և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։
24 Քահանաները մորթեցին դրանք և դրանց արյունը, իբրև մեղքի զոհաբերություն, շաղ տվեցին զոհասեղանի վրա ամբողջ Իսրայելի քավության համար, որովհետև թագավորն ասել էր, որ ողջակեզը և մեղքի զոհն ամբողջ Իսրայելի համար է։
25 Թագավորը ղևտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը՝ ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, որովհետև այդ պատվերը Տիրոջ կողմից էր տրված իր մարգարեների միջոցով։
26 Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ փողերով։
27 Եզեկիան հրամայեց, որ ողջակեզը մատուցեն զոհասեղանի վրա։ Եվ երբ սկսվեց ողջակիզումը, սկսվեց նաև Տիրոջ երգը՝ փողերի և Իսրայելի թագավոր Դավթի նվագարանների նվագակցությամբ։
28 Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։
29 Երբ ողջակեզի մատուցումը վերջացրին, թագավորը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, խոնարհվելով երկրպագեցին։
30 Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։
31 Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։
32 Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։
33 Նվիրաբերված անասունները վեց հարյուր արջառ և երեք հազար ոչխար էին։
34 Սակայն քահանաները սակավաթիվ էին և չկարողացան մաշկահան անել բոլոր ողջակեզները։ Նրանց օգնեցին իրենց ղևտացի եղբայրները, մինչև որ գործն ավարտվեց, և մնացած քահանաները սրբագործվեցին. որովհետև ղևտացիներն ավելի հոժարամիտ էին սրբագործվելու, քան քահանաները։
35 Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվ այսպես վերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։
36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանը պատրաստել էր ժողովրդի համար, որովհետև այս բանը հանկարծակի եղավ։