Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 25

:
Armenian - 2018
1 Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։
2 Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։
3 Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին,
4 բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։
5 Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիր մարդ։
6 Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։
7 Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։
8 Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։
9 Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։
10 Ամասիան բաժանեց Եփրեմի երկրից իր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։
11 Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։
12 Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։
13 Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։
14 Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։
15 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։
16 Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։
17 Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետո մարդ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։
18 Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։
19 Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։
20 Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։
21 Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։
22 Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։
23 Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։
24 Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը. վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։
25 Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։
26 Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
27 Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։
28 Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։