2 Chronicles 22
1 Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։
2 Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։
3 Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներով, որովհետև նրա մայրը խրատում էր նրան, որ չարիք գործի։
4 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։
5 Նաև առաջնորդվելով նրանց խորհուրդներով՝ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝ պատերազմելու ասորիների թագավոր Ազայելի դեմ։ Եվ ասորիները վիրավորեցին Հովրամին։
6 Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։
7 Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։
8 Երբ Հեուն Աքաաբի տան վրա Աստծու դատաստանն էր ի գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային, և սպանեց նրանց։
9 Նա փնտրեց Օքոզիային, որին բռնեցին, երբ նա թաքնված էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ և սպանեցին նրան. ու թաղեցին նրան, որովհետև ասում էին, թե՝ «Սա այն Հոսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով փնտրում էր Տիրոջը»։ Եվ Օքոզիայի տանը չկար մեկը, որ կարողանար թագավորել։
10 Բայց Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ իր որդին մեռավ, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։
11 Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։
12 Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։