2 Chronicles 21
1 Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում, իր հայրերի կողքին։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Հովրամը։
2 Սրա եղբայրները՝ Հոսափատի որդիներն էին՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարիու, Միքայել և Սափատիա։ Սրանք բոլորը Իսրայելի թագավոր Հոսափատի որդիներն էին։
3 Նրանց հայրը նրանց տվեց շատ պարգևներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք բաներ, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում։ Բայց թագավորությունը հանձնեց Հովրամին, որովհետև նա էր անդրանիկը։
4 Երբ Հովրամն ստանձնեց իր հոր թագավորությունն ու հաստատվեց, սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։
5 Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։
6 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, որովհետև Աքաաբի աղջիկը նրա կինն էր, և չարիք գործեց Տիրոջ առաջ։
7 Բայց Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ արել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան և նրա որդիներին։
8 Նրա օրոք եդովմացիներն ապստամբեցին Հուդայի գերիշխանության դեմ և մի թագավոր նշանակեցին իրենց վրա։
9 Հովրամը գնաց իր հրամանատարներով ու բոլոր մարտակառքերով և գիշերը վեր կենալով՝ հարվածեց իրեն շրջապատած եդովմացիներին և մարտակառքերի հրամանատարներին։
10 Այդ ապստամբությունից մինչև այսօր եդովմացիներն ազատված են Հուդայի երկրի գերիշխանությունից։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի գերիշխանության դեմ, որովհետև նա լքել էր իր հայրերի Տեր Աստծուն։
11 Նա նույնիսկ Բարձր տեղերր կառուցեց Հուդայի լեռների վրա, պոռնկություն անել տվեց Երուսաղեմի բնակիչներին և մոլորեցրեց Հուդան։
12 Նրան Եղիա մարգարեից մի թուղթ եկավ, որում ասված էր. «Այսպես է ասում քո հայր Դավթի Տեր Աստվածը. “Քանի որ դու չգնացիր քո հայր Հոսափատի ճանապարհներով և Հուդայի Ասա թագավորի ճանապարհներով,
13 այլ գնացիր Իսրայելի թագավորների ճանապարհով, պոռնկություն անել տվեցիր Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին Աքաաբի տան արած պոռնկությունների նման, նաև սպանեցիր քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին,
14 ահա Տերը մեծ հարված պիտի հասցնի քո ժողովրդին, քո որդիներին, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին.
15 դու էլ ծանր մի հիվանդություն պիտի ունենաս, որովայնի հիվանդություն, մինչև որ քո փորոտիքը օրեցօր դուրս թափվի հիվանդության պատճառով”»։
16 Տերը Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների և արաբացիների ոգին, որոնք բնակվում էին եթովպացիների կողմերում։
17 Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, ներխուժեցին այնտեղ, կողոպտեցին թագավորի տանը գտնված ամբողջ հարստությունը և գերի տարան նրա որդիներին ու կանանց. նրա որդիներից ոչ մեկը չմնաց, բացի ամենափոքր որդուց՝ Հովաքազից։
18 Այս ամենից հետո Տերը նրան հարվածեց որովայնի հիվանդությամբ, որն անբուժելի էր։
19 Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։
20 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու, և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։