2 Chronicles 2
1 Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Տիրոջ անվան համար և մի թագավորական տուն՝ իր համար։
2 Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։
3 Սողոմոնը մարդ ուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։
4 Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։
5 Այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեծ է մեր Աստվածը բոլոր աստվածներից։
6 Եվ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրան։ Ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն խունկ ծխելու մի տեղ կշինեմ նրա առաջ։
7 Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։
8 Ինձ համար Լիբանանից ուղարկի՛ր նաև եղևնափայտ, մայրու փայտ և ալմուգ փայտեր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները լավ գիտեն Լիբանանի փայտերը կտրել։ Ահա իմ ծառաները թող քո ծառաների հետ աշխատեն։
9 Ինձ համար թող շատ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ և շքեղ պիտի լինի։
10 Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։
11 Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։
12 Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։
13 Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։
14 Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։
15 Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։
16 Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։
17 Սողոմոնը հաշվեց Իսրայելի երկրում գտնվող բոլոր օտարազգի մարդկանց իր հայր Դավթի հաշվելուց հետո, և նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։
18 Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներում քար կտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։