2 Chronicles 19
1 Հուդայի Հոսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։
2 Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։
3 Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։
4 Հոսափատը բնակվում էր Երուսաղեմում։ Նա դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բեսաբեեից մինչև Եփրեմի լեռը և նրանց դարձրեց դեպի իրենց հայրերի Տեր Աստվածը։
5 Նա դատավորներ կարգեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում՝ ամեն մեկ քաղաքում։
6 Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։
7 Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։
8 Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։
9 Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։
10 Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։
11 Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։