2 Chronicles 18
1 Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։
2 Մի քանի տարուց հետո նա իջավ Սամարիա՝ Աքաաբի մոտ, և Աքաաբը նրան ու նրա հետ եղող մարդկանց համար շատ ոչխարներ և արջառներ մորթեց և համոզեց նրան, որ բարձրանա Ռամոթ-Գաղաադ։
3 Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։
4 Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։
5 Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։
6 Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։
7 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
8 Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։
9 Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։
10 Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։
11 Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։
12 Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։
13 Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։
14 Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։
15 Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։
16 Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
17 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։
18 Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։
19 Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։
20 Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։
21 Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։
22 Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։
23 Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։
24 Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։
25 Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ
26 և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։
27 Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։
28 Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադի վրա։
29 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Պետք է կերպարանափոխվեմ և հետո պատերազմի գնամ. բայց դու հագի՛ր քո զգեստները»։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, ու գնացին պատերազմի։
30 Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։
31 Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։
32 Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չէ, դադարեցրին հետապնդելը և վերադարձան։
33 Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։
34 Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։