2 Chronicles 13
1 Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիան թագավոր եղավ Հուդայի վրա։
2 Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։
3 Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։
4 Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնակողմում էր, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ.
5 մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Տեր Աստվածը աղի ուխտով Իսրայելի թագավորությունը հավիտյան տվել է Դավթին, նրան և նրա որդիներին։
6 Բայց Դավթի որդի Սողոմոնի ծառան՝ Նաբատի որդի Հերոբովամը, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։
7 Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։
8 Եվ հիմա դուք կարծում եք, թե դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է։ Դուք մեծ բազմություն եք, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ է արել։
9 Մի՞թե դուք դուրս չքշեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղևտացիներին, և ձեզ համար քահանաներ ընտրեցիք, ինչպես ուրիշ երկրների ժողովուրդները։ Քահանա դառնալու համար ով որ գալիս էր մեկ զվարակով և յոթ խոյերով, քահանա էր լինում չաստվածների համար։
10 Բայց մեր Աստվածը Տերն է, և մենք նրան չլքեցինք։ Տիրոջը ծառայող քահանաները Ահարոնի որդիներն են, և ղևտացիները՝ իրենց պաշտոնին։
11 Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրա շարում են առաջավորության հացը և պատրաստում ոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։
12 Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։
13 Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։
14 Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։
15 Հուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Երբ հուդայականներն աղաղակեցին, Աստված հարվածեց Հերոբովամին ու ամբողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առջև։
16 Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված սրանց մատնեց նրանց ձեռքը։
17 Աբիան և նրա զորքը մեծ ջարդ տվեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար ընտիր մարդ կոտորվեց։
18 Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։
19 Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։
20 Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։
21 Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ և ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։
22 Աբիայի մնացած պատմությունը, նրա ընթացքն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի հիշատակարանում։