Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Chronicles 12

:
Armenian - 2018
1 Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։
2 Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա
3 հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։
4 Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։
5 Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։
6 Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։
7 Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։
8 Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։
9 Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։
10 Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե ասպարներ պատրաստեց և դրանք հանձնեց թագավորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխավորներին։
11 Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։
12 Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերը նրան ամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։
13 Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։
14 Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։
15 Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։
16 Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։