Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 1

:
Armenian - 2018
1 Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։
2 Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։
3 Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։
4 Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։
5 Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։
6 Սողոմոնը բարձրացավ այնտեղ՝ Տիրոջ առաջ, և ժողովի վրանում գտնվող պղնձե զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։
7 Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։
8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։
9 Արդ, ո՛վ Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հորը տված քո խոստումը, որովհետև դու ինձ թագավոր արեցիր երկրի փոշու չափ շատ մի ժողովրդի վրա։
10 Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին»։
11 Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի,
12 քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։
13 Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։
14 Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։
15 Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։
16 Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականների քարավանը գնում և դրանք բերում էր երամակով՝ ծախու առած։
17 Եգիպտոսից մեկ մարտակառքը դուրս էին հանում վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն արծաթով։ Այսպես նրանց միջոցով դրանք դուրս էին բերվում նաև քետացիների բոլոր թագավորների և ասորիների բոլոր թագավորների համար։