1 Timothy 3
1 Հավաստի է այս խոսքը. եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։
2 Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող,
3 ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր.
4 որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա
5 (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։
6 Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։
7 Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի։
8 Նույն կերպ էլ սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ո՛չ երկերեսանի, ո՛չ գինեմոլ, ո՛չ շահամոլ,
9 այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։
10 Սրանք ևս նախ թող փորձվեն, ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։
11 Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։
12 Սարկավագները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակներին ու իրենց ընտանիքներին լավ վերակացու։
13 Որովհետև ծառայությունը լավ կատարողներն իրենց համար պատվավոր աստիճան են ձեռք բերում և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։
14 Այս բաները գրում եմ քեզ՝ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ։
15 Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։
16 Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։