1 Thessalonians 5
1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա,
2 որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։
3 Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։
4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։
5 Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։
6 Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։
7 Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։
8 Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։
9 Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,
10 որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։
11 Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։
12 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։
13 Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։
14 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։
15 Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։
16 Միշտ ուրա՛խ եղեք։
17 Անդադար աղոթե՛ք։
18 Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
19 Հոգին մի՛ մարեք։
20 Մարգարեությունները մի՛ անարգեք։
21 Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։
22 Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։
23 Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։
24 Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։
25 Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։
26 Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։
27 Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն։