1 Thessalonians 4
1 Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։
2 Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։
3 Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։
4 Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով,
5 ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։
6 Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և վկայեցինք։
7 Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։
8 Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։
9 Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել
10 և հենց դա էլ անում եք այն բոլոր եղբայրների հանդեպ, որ ողջ Մակեդոնիայում են։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելին անեք
11 և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք,
12 որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։
13 Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։
14 Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։
15 Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի,
16 քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն,
17 և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։
18 Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։