1 Thessalonians 3
1 Դրա համար, այլևս չհամբերելով, լավ համարեցինք Աթենքում առանձին մնալ։
2 Եվ մեր Տիմոթեոս եղբորը՝ Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ, ուղարկեցինք, որ ձեզ մխիթարի ու հաստատի ձեր հավատի մեջ,
3 որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված։
4 Երբ ձեզ մոտ էինք, նախօրոք ասում էինք ձեզ, թե նեղություններ ենք կրելու, ինչպես որ եղավ էլ, ու իմացաք էլ։
5 Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով, մարդ ուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։
6 Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից եկավ մեզ մոտ և ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ մեր բարի հիշատակն ամեն ժամ ձեր մտքում ունեք՝ փափագելով մեզ տեսնել, ինչպես մենք էլ՝ ձեզ,
7 դրա համար, եղբայրնե՛ր, հանուն ձեր հավատի ձեզանով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում և նեղություններում.
8 որովհետև հիմա մենք կապրենք, եթե դուք Տիրոջով հաստատուն մնաք։
9 Ձեզ համար Աստծուն ինչպիսի՛ գոհություն կարող ենք մատուցել այն ամբողջ ուրախության համար, որով մեր Աստծու առաջ ուրախանում ենք ձեզ համար։
10 Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։
11 Բայց ինքն Աստված ու մեր Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհը։
12 Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,
13 որպեսզի ձեր սրտերն Աստծու ու մեր Հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։