Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 9

:
Armenian - 2018
1 Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։
2 Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։
3 Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։
4 Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայց այնտեղ էլ չկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։
5 Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։
6 Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։
7 Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։
8 Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։
9 (Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։
10 Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։
11 Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։
12 Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։
13 Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։
14 Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։
15 Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ
16 և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։
17 Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։
18 Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։
19 Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևից գնա՛ բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։
20 Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագն ո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։
21 Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։
22 Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։
23 Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։
24 Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։
25 Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, և Սամուելը կտուրի վրա խոսեց Սավուղի հետ։
26 Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։
27 Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի նա առաջ անցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։