Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 8

:
Armenian - 2018
1 Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։
2 Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։
3 Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։
4 Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։
5 Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։
6 Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։
7 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։
8 Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։
9 Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։
10 Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։
11 Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար, դնելու է իր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։
12 Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։
13 Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։
14 Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։
15 Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։
16 Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։
17 Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։
18 Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։
19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։
20 Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։
21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։
22 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։