Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Samuel 4

:
Armenian - 2018
1 Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։
2 Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։
3 Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։
4 Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։
5 Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։
6 Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի,
7 փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։
8 Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։
9 Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։
10 Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։
11 Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։
12 Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։
13 Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։
14 Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։
15 Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։
16 Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։
17 Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։
18 Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։
19 Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։
20 Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։
21 Եվ այդ տղայի անունը Իքաբոդ դրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։
22 Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։