1 Samuel 29
1 Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։
2 Փղշտացիների նախարարներն անց էին կենում հարյուրավորներով և հազարավորներով, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի հետ գնում էին նրանց ետևից։
3 Եվ փղշտացիների իշխաններն ասացին. «Այս ի՞նչ եբրայեցիներ են»։ Եվ Անքուսը փղշտացիների իշխաններին ասաց. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դավիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել է մեր կողմը, այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։
4 Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։
5 Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պատասխանելով, ասում էին. “Սավուղը զարկեց իր հազարավորներին, Եվ Դավիթը՝ իր բյուրավորներին”»։
6 Եվ Անքուսը կանչեց Դավթին ու նրան ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, և ինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։
7 Եվ հիմա ե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարարների աչքին»։
8 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ վատ բան գտար առաջդ կանգնած քո ծառայի մեջ, որ ես չգնամ և իմ տեր թագավորի թշնամիների դեմ չպատերազմեմ»։
9 Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։
10 Ուստի առավոտ կանուխ վե՛ր կաց, և՛ դու, և՛ քո տիրոջ ծառաները, որոնք եկել են քեզ հետ, վե՛ր կացեք և առավոտ կանուխ՝ լուսածագին, գնացե՛ք»։
11 Դավիթը և իր մարդիկ առավոտ կանուխ վեր կացան, որ գնան և փղշտացիների երկիրը վերադառնան, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել։