1 Samuel 28
1 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։
2 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։
3 Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։
4 Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։
5 Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։
6 Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։
7 Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։
8 Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։
9 Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։
10 Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։
11 Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։
12 Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։
13 Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։
14 Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։
15 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։
16 Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։
17 Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։
18 Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։
19 Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։
20 Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։
21 Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։
22 Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։
23 Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։
24 Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով.
25 և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։