Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Samuel 23

:
Armenian - 2018
1 Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։
2 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։
3 Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։
4 Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։
5 Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։
6 Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։
7 Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։
8 Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։
9 Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։
10 Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։
11 Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։
12 Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։
13 Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։
14 Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց Աստված Դավթին չմատնեց նրա ձեռքը։
15 Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։
16 Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։
17 Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։
18 Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։
19 Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։
20 Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։
21 Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։
22 Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, և թե ո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։
23 Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։
24 Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։
25 Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։
26 Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։
27 Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։
28 Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթ դրվեց։