1 Samuel 22
1 Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։
2 Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։
3 Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։
4 Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։
5 Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։
6 Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։
7 Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,
8 որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։
9 Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։
10 Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։
11 Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։
12 Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։
13 Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։
14 Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։
15 Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։
16 Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։
17 Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։
18 Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։
19 Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։
20 Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավ գնաց Դավթի հետևից։
21 Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։
22 Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։
23 Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։