1 Samuel 21
1 Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։
2 Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։
3 Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։
4 Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել, թող ուտեն »։
5 Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։
6 Եվ քահանան սուրբ հացը տվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։
7 Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։
8 Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։
9 Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
10 Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։
11 Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում. “Սավուղը իր հազարավորներին զարկեց, Դավիթը՝ իր բյուրավորներին”»։
12 Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։
13 Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։
14 Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։
15 Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։