1 Samuel 18
1 Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։
2 Եվ նույն օրը Սավուղը նրան պահեց իր մոտ և չթողեց, որ նա վերադառնար իր հոր տուն։
3 Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։
4 Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։
5 Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։
6 Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։
7 Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, Դավիթը՝ իր բյուրավորներին»։
8 Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։
9 Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։
10 Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքով քնար էր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։
11 Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։
12 Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։
13 Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։
14 Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։
15 Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։
16 Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։
17 Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղն ինքն իրեն ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։
18 Եվ Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ կյանքը, և իմ հոր ազգատոհմը Իսրայելի մեջ, որ թագավորի փեսա դառնամ»։
19 Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։
20 Սավուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դավթին. և երբ հայտնեցին Սավուղին, դա հաճելի եղավ նրան։
21 Եվ Սավուղը մտածեց. «Ես աղջկաս նրան տամ, որ նրա համար որոգայթ դառնա, և փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այսօր դու ինձ փեսա՛ եղիր իմ երկրորդ աղջկա համար»։
22 Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։
23 Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։
24 Սավուղի ծառաները նրան հաղորդեցին և ասացին, թե Դավիթն այսպես ասաց։
25 Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։
26 Եվ երբ այս խոսքերը նրա ծառաները հայտնեցին Դավթին, Դավթին էլ հաճելի թվաց, որ թագավորին փեսա դառնար։
27 Նշանակված օրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։
28 Եվ երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և իր Մեղքող աղջիկն էլ սիրում է նրան,
29 Սավուղն առավել ևս վախեցավ Դավթից. և Սավուղը միշտ թշնամություն էր անում Դավթին։
30 Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. երբ նրանք դուրս էին գալիս, Դավիթը Սավուղի բոլոր ծառաներից ավելի խելամիտ էր գործում, և նրա անունը շատ հռչակվեց։