Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 14

:
Armenian - 2018
1 Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։
2 Եվ Սավուղը նստած էր Գաբաայի սահմանագլխին՝ Մագրոնում, նռնենու տակ, և նրա հետ եղած ժողովուրդը վեց հարյուր մարդ էր։
3 Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու՝ Փենեհեսի որդու՝ Իքաբոդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան էր, որը եփուդ էր հագնում. և ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։
4 Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։
5 Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։
6 Եվ Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք այս անթլփատների պահապան զորքի մոտ, գուցե Տերը մի բան անի մեզ համար. չէ՞ որ Տիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ»։
7 Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։
8 Եվ Հովնաթանն ասաց. «Հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ. թող երևանք նրանց։
9 Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։
10 Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։
11 Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։
12 Եվ պահապան զորքից Հովնաթանին ու նրա զինակրին պատասխանեցին և ասացին. «Բարձրացե՛ք մեզ մոտ, մենք ձեզ բան ունենք հաղորդելու». և Հովնաթանն իր զինակրին ասաց. «Իմ ետևից վե՛ր ելիր, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ձեռքը»։
13 Եվ Հովնաթանը ձեռքերով ու ոտքերով մագլցեց. նրա զինակիրն էլ՝ նրա ետևից. և փղշտացիներն ընկնում էին Հովնաթանի առջև. նրա զինակիրն էլ նրա ետևից էր սպանում։
14 Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։
15 Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։
16 Եվ Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն զորքը հալվում է և գնալով ցրվում։
17 Եվ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. «Նայե՛ք և տեսե՛ք, թե ով է մեզնից գնացել». նայեցին, և տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինակիրը չկան։
18 Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. «Մոտեցրո՛ւ Աստծու տապանակը» (այդ ժամանակ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)։
19 Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։
20 Եվ Սավուղն ու իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ և գնացին մինչև պատերազմի դաշտ. և ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ, և շատ մեծ խռովություն կար։
21 Եվ այն եբրայեցիները, որոնք առաջ փղշտացիների հետ էին, և որոնք շրջակա երկրներից նրանց հետ բանակ էին եկել, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։
22 Եվ Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում, լսեցին, որ փղշտացիները փախչում են, և նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։
23 Եվ այդ օրը Տերը ազատեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթավան։
24 Այդ օրը Իսրայելի մարդիկ տագնապեցին, որովհետև Սավուղը ժողովրդին երդվել էր տվել և ասել. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ». և ամբողջ ժողովուրդը բերանը հաց չդրեց։
25 Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անտառ, որտեղ գետնի վրա մեղր կար։
26 Եվ երբ ժողովուրդը անտառ մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ձեռքը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։
27 Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։
28 Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց և ասաց. «Հայրդ ժողովրդին երդվել է տվել՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի”»։
29 Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։
30 Բայց եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, փղշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ» ։
31 Եվ այդ օրը փղշտացիներին հարվածեցին Մաքմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։
32 Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։
33 Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։
34 Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։
35 Սավուղը Տիրոջ համար զոհասեղան շինեց, և սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
36 Բայց Սավուղն ասաց. «Գիշերը իջնենք, հետապնդենք փղշտացիներին, մինչև առավոտ՝ լույսը բացվելը, նրանց կողոպտենք և նրանցից ոչ մի մարդ չթողնենք». և նրանք ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Եվ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։
37 Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։
38 Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է,
39 քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։
40 Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։
41 Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը »։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։
42 Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։
43 Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։
44 Եվ Սավուղն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի. դու, Հովնաթա՛ն, այսօր անպատճառ պիտի մեռնես»։
45 Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։
46 Եվ Սավուղը վերադարձավ փղշտացիներին հետապնդելուց, փղշտացիներն էլ գնացին իրենց տեղը։
47 Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։
48 Նա քաջություն արեց և զարկեց Ամաղեկին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ձեռքից։
49 Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։
50 Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։
51 Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդիներն էին։
52 Եվ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատերազմ կար փղշտացիների դեմ, և Սավուղն իր տեսած ամեն մի ուժեղ մարդու և ամեն մի քաջ մարդու հավաքում էր իր մոտ։