Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Samuel 10

:
Armenian - 2018
1 Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։
2 Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։
3 Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։
4 Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։
5 Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։
6 Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդ կդառնաս։
7 Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։
8 Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։
9 Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։
10 Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։
11 Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։
12 Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։
13 Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։
14 Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։
15 Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։
16 Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։
17 Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ
18 և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”,
19 բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։
20 Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։
21 Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։
22 Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։
23 Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։
24 Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։
25 Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։
26 Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։
27 Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։