1 Kings 17
1 Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։
2 Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.
3 «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։
4 Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։
5 Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։
6 Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։
7 Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։
8 Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.
9 «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։
10 Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։
11 Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառ էլ հա՛ց բեր»։
12 Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։
13 Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։
14 Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։
15 Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։
16 Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։
17 Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։
18 Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։
19 Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։
20 Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։
21 Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։
22 Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։
23 Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։
24 Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։