Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 13

:
Armenian - 2018
1 Ահա Աստծու մի մարդ Տիրոջ խոսքով Հուդայից եկավ Բեթել, իսկ Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ՝ զոհ մատուցելու համար։
2 Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։
3 Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։
4 Եվ երբ թագավորը լսեց Աստծու մարդու այն խոսքը, որ կանչել էր Բեթելում եղած զոհասեղանի դեմ, այդ ժամանակ Հերոբովամն իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցե՛ք դրան». սակայն նրա ձեռքը չորացավ, որ մեկնել էր զոհասեղանի վրայից, և չկարողացավ այն ետ քաշել դեպի իրեն։
5 Եվ զոհասեղանը ճեղքվեց, ու մոխիրը թափվեց զոհասեղանից՝ որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծու մարդուն։
6 Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։
7 Եվ թագավորն ասաց Աստծու մարդուն. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, և ես պարգևներ կտամ քեզ»։
8 Բայց Աստծու մարդն ասաց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի,
9 որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. “Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր”»։
10 Եվ նա գնաց ուրիշ ճանապարհով և չվերադարձավ այն ճանապարհով, որով գնացել էր Բեթել։
11 Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում, և այն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։
12 Եվ նրանց հայրն ասաց. «Ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։
13 Եվ նա ասաց իր որդիներին. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և էշը համետեցին նրա համար, և նա հեծնեց այն։
14 Եվ գնաց Աստծու մարդու ետևից և նրան գտավ մի բևեկնու տակ նստած ու ասաց նրան. «Դո՞ւ ես Աստծու այն մարդը, որ եկել ես Հուդայից». և նա ասաց՝ ես եմ։
15 Եվ նրան ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։
16 Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ,
17 որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել. “Այնտեղ հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով դու գնացիր”»։
18 Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։
19 Եվ նա ետ դարձավ նրա հետ, հաց կերավ նրա տանը և ջուր խմեց։
20 Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։
21 Նա կանչեց Հուդայից եկած Աստծու մարդուն և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու անհնազանդ եղար Տիրոջ խոսքին և չպահեցիր քո Տեր Աստծու քեզ պատվիրած պատվիրանը
22 և ետ դարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղում, որի մասին քեզ ասաց. "Հաց չուտես և ջուր չխմես", դրա համար էլ քո դիակը չի մտնելու քո հայրերի գերեզմանը”»։
23 Եվ երբ հաց էր կերել և ջուր խմել, նա պատրաստեց էշը իր ետ դարձրած մարգարեի համար։
24 Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։
25 Եվ ահա ճանապարհով անցնողներ կային, որոնք տեսան, որ դիակն ընկած է ճանապարհին, և առյուծը կանգնած է դիակի մոտ, և եկան ու պատմեցին այն քաղաքում, որտեղ բնակվում էր ծեր մարգարեն, և ասացին նրան։
26 Եվ երբ այս բանը լսեց նրան իր ճանապարհից ետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու այն մարդն է, որն անհնազանդ եղավ Տիրոջ խոսքին, և Տերը նրան մատնել է առյուծին, որը նրան պատառոտել է և մեռցրել, ինչպես Տերն ասել էր նրան»։
27 Եվ խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և նրանք համետեցին էշը։
28 Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։
29 Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։
30 Նրա դիակը դրեց իր գերեզմանում, և սուգ արեցին նրա վրա. «Վա՜յ, եղբա՛յր իմ»։
31 Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Երբ ես մեռնեմ, ինձ թաղե՛ք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը. իմ ոսկորները դրե՛ք նրա ոսկորների կողքին,
32 որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։
33 Այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։
34 Եվ այս բանը պատճառ եղավ Հերոբովամի տան մեղք գործելու համար, որ այն կորչի և բնաջինջ լինի երկրի երեսից։