Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 John 3

:
Armenian - 2018
1 Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։
2 Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։
3 Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։
4 Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։
5 Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։
6 Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։
7 Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։
8 Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։
9 Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։
10 Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։
11 Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք.
12 ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։
13 Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։
14 Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։
15 Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։
16 Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։
17 Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։
18 Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։
19 Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ,
20 քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։
21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք
22 և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։
23 Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։
24 Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։