1 Corinthians 15
1 Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք,
2 որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։
3 Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի,
4 թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն,
5 որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։
6 Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։
7 Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։
8 Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։
9 Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։
10 Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
11 Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։
12 Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։
13 Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։
14 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։
15 Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։
16 Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։
17 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։
18 Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։
19 Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։
20 Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։
21 Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։
22 Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝
23 յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։
24 Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։
25 Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի ։
26 Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է,
27 որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ ։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։
28 Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։
29 Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։
30 Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։
31 Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։
32 Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք ։
33 Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։
34 Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։
35 Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։
36 Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։
37 Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։
38 Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։
39 Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։
40 Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։
41 Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։
42 Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։
43 Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։
44 Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։
45 Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։
46 Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։
47 Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։
48 Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։
49 Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։
50 Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։
51 Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու».
52 հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։
53 Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։
54 Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց ։
55 Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը »։
56 Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։
57 Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
58 Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։