Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 14

:
Armenian - 2018
1 Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։
2 Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։
3 Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։
4 Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։
5 Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։
6 Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։
7 Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։
8 Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։
9 Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։
10 Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։
11 Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։
12 Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։
13 Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։
14 Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։
15 Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։
16 Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։
17 Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։
18 Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։
19 Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։
20 Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։
21 Օրենքում գրված է. «Օտար լեզուներով ու օտար շրթունքներով պիտի խոսեմ այս ժողովրդի հետ, բայց և այնպես ինձ ականջ չեն դնի»,- ասում է Տերը։
22 Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։
23 Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։
24 Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։
25 Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։
26 Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։
27 Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։
28 Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։
29 Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։
30 Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։
31 Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։
32 Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են,
33 որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։
34 Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։
35 Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։
36 Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։
37 Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։
38 Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։
39 Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։
40 Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։