1 Corinthians 11
1 Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։
2 Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։
3 Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։
4 Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իր տիրոջը։
5 Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։
6 Եթե կինը գլուխը չի ծածկում, ուրեմն թող իր մազերը կտրի։ Սակայն եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն ամոթ է, ուրեմն թող գլուխը ծածկի։
7 Տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն ու փառքն է, իսկ կինը տղամարդո՛ւ փառքն է։
8 Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։
9 Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար,
10 դրա համար կինը պետք է իր գլխին իշխանության նշան ունենա՝ հրեշտակների համար։
11 Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով,
12 որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։
13 Դուք ինքնե՛րդ դատեք. կնոջը վայե՞լ է, որ չծածկված աղոթի Աստծուն։
14 Կամ հենց բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունենա, դա անարգանք է նրան։
15 Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան քողի փոխարեն են տրված։
16 Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։
17 Բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դուք ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։
18 Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։
19 Պետք է, որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։
20 Արդ երբ միասին հավաքվում եք, դա Տերունական ընթրիքն ուտելը չէ,
21 որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է մնում, մյուսը՝ հարբած։
22 Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։
23 Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց
24 և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։
25 Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ որ խմեք, այս արե՛ք իմ հիշատակի համար»։
26 Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։
27 Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։
28 Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։
29 Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։
30 Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաև նրանք, ովքեր ննջեցին։
31 Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։
32 Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։
33 Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասե՛ք։
34 Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։