1 Chronicles 15
1 Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։
2 Այն ժամանակ Դավիթն ասաց. « Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։
3 Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։
4 Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին.
5 Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի,
6 Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի,
7 Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի,
8 Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի,
9 Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի,
10 Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։
11 Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին
12 և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը,
13 որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։
14 Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։
15 Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։
16 Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։
17 Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։
18 Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։
19 Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար,
20 Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։
21 Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։
22 Ղևտացիների երգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։
23 Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։
24 Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։
25 Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։
26 Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։
27 Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, նույնպես և տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու երգիչների հետ Քոնոնիան՝ երգիչների գլխավորը։ Դավթի վրա քաթանե մի եփուդ կար։
28 Ամբողջ Իսրայելը տանում էր Տիրոջ ուխտի տապանակը ուրախ աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով և հնչուն ծնծղաներով, տավիղներով ու քնարներով։
29 Երբ Տիրոջ ուխտի տապանակը հասավ Դավթի քաղաքը, այն ժամանակ Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ Դավիթ թագավորը պարում ու ցատկոտում է, և իր սրտում արհամարհեց նրան։